Ընկերներ (հեռուստասերիալ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընկերներ (այլ կիրառումներ)
Ընկերներ Friends | |
---|---|
Հեռուստասերիալի պաստառներից | |
Ժանր | Կատակերգություն |
Թեմա | ընկերություն |
Ստեղծող | Դեյվիդ Քրեյն Մարտա Քոֆման |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | Անգլերեն |
Գլխավոր դերերում | Ջենիֆեր Էնիսթոն Քորթնի Քոքս Լիզա Կուդրոու Դեյվիդ Շվիմմեր Մեթյու Փերի Մեթ Լեբլանկ |
Պրոդյուսեր | Դեյվիդ Քրեյն Մարտա Քոֆման Քևին Ս. Բրայթ Մայքլ Բորկոու (4-րդ եթերաշրջան) Մայքլ Քուրտիս (5-րդ եթերաշրջան) Ադամ Չեյս (5–6-րդ եթերաշրջաններ) Գրեգ Մելինս (5–7-րդ եթերաշրջաններ) Ուիլ Քոլուն (7-րդ եթերաշրջան) Սկոտ Սիլվերի (8–10-րդ եթերաշրջաններ) Շանա Գոլդբերգ-Միհան (8–10-րդ եթերաշրջաններ) Էնդրյու Ռայշ (8–10-րդ եթերաշրջաններ) Թեդ Քոհեն (8–10-րդ եթերաշրջաններ) |
Գործադիր պրոդյուսեր | Դեյվիդ Քրեյն և Քևին Բրայթ |
Սցենարիստ | Դեյվիդ Քրեյն |
Պատմվածքի վայր | Նյու Յորք շրջան և Կենտրոնական սրճարան |
Գեղարվեստական աշխարհ | Friends universe? |
Եթերաշրջանների քանակ | 10 |
Սերիաների քանակ | 236 |
Սերիաների ցանկ | 236 |
Էկրաններին է | սեպտեմբերի 22, 1994[1]-ից մայիսի 6, 2004-ը |
Հեռուստաալիք | NBC |
Ընկերություն | «Warner Bros. Television» |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Television Distribution և Նեթֆլիքս |
Պատկերի ձևաչափ | 480i (PsF 4:3 SDTV) 1080i (PsF 16:9 HDTV) |
Պարգևներ | Մրցանակների ցանկ |
Առաջադրում | Առաջադրումների ցանկ |
Հաջորդ | Ջոուի |
Կապակցված | Ջոուի |
Կարգավիճակ | Ավարտված |
Պաշտոնական կայքէջ |
«Ընկերներ» (անգլ.՝ Friends), ամերիկյան հեռուստասերիալ, սիթքոմ։ Եթեր է հեռարձակվել 1994 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2004 թվականի մայիսի 6-ը՝ ունենալով 10 եթերաշրջան և 236 թողարկում։ Պատմում է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում բնակվող 6 ընկերների մասին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջենիֆեր Էնիսթոնը (Ռեյչել Գրին), Քորթնի Քոքսը (Մոնիկա Գելեր), Լիզա Կուդրոուն (Ֆիբի Բուֆեյ), Դեյվիդ Շվիմմերը (Ռոս Գելեր), Մեթյու Փերին (Չենդլեր Բինգ) և Մեթ Լեբլանկը (Ջոուի Տրիբիանի)։ Դասվում է ամերիկյան հեռուստատեսության բոլոր ժամանակների լավագույն հեռուստասերիալների շարքին և համարվում 1990-ականների առավել հաջողված նախագծերից[2]։
Ստեղծվել է «Bright/Kauffman/Crane Productions» (պրոդյուսերներ՝ Դեյվիդ Քրեյն, Մարտա Քոֆման և Քևին Բրայթ) պրոդյուսերական միավորման և «Warner Bros. Television» ստուդիայի կողմից։ Հեռուստասերիալի նախնական տարբերակը՝ «Անքնության սրճարան» (Insomnia Cafe) անվամբ, զարգացվել է Քոֆմանի և Քրեյնի կողմից՝ 1993 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում։ Գաղափարը Բրայթին ներկայացնելուց հետո պրոդյուսերական թիմը «NBC» հեռուստացանցին է հանձնում հեռուստասերիալի 7 էջանոց սյուժեն։ Բազմաթիվ սցենարային փոփոխություններից, վերաշարադրումներից, ինչպես նաև անվանափոխություններից («Մեզ նման ընկերներ» [Friends Like Us]) հետո, նախագիծն ի վերջո ստանում է «Ընկերներ» անվանումը[3]։
Նկարահանումները տեղի են ունեցել «Warner Bros.» ընկերության՝ Բըրբենկ քաղաքում տեղակայված ստուդիաներում։ Նկարահանված բոլոր տասը եթերաշրջանները տեղ են գտել հեռուստատեսային ամենաբարձր թոփ տասնյակներում։ 2004 թվականի մայիսի 6-ին հեռարձակված վերջին՝ 236-րդ էպիզոդը Միացյալ Նահանգներում ունեցել է 52,5 միլիոն դիտում՝ այդ կերպ դառնալով հեռուստատեսության պատմության 5-րդ ամենադիտված եզրափակիչ էպիզոդը[4][5][6] (ինչպես նաև 2000-ականների ամենադիտված հեռուստատեսային էպիզոդը[7][8])։
Հեռարաձակման ողջ ժամանակահատվածում արժանացել է բացարձակ դրական գնահատականների՝ դառնալով բոլոր ժամանակների ամենահայտնի սիթքոմներից մեկը։ Առաջադրվել է 62 Պրայմթայմ Էմմի մրցանակի՝ 2002 թվականին հաղթանակ տանելով «Լավագույն կատակերգական հեռուստասերիալ» անվանակարգում։ Էմմիից բացի, արժանացել է նաև Ոսկե գլոբուս, Բրիտանիայի հեռուստաակադեմիայի, Սեթլայթ, Կինոդերասանների գիլիդայի, Հեռուստաքննադատների ասոցիացիայի և բազմաթիվ այլ մրցանակների և հիշատակումների[9]։ 2021 թվականի մայիսի 27-ին «HBO Max»-ի եթերում հեռարձակվեց դերասանական կազմի վերամիավորման հատուկ թողարկումը։
Նախապատմություն և կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյչել Գրինը փախչում է սեփական հարսանիքից և Նյու Յորքի սրճարաններից մեկում հանդիպում դպրոցական ընկերուհի Մոնիկա Գելերին։ Վերամիավորվելուց հետո Ռեյչելն հաստատվում է Մոնիկայի բնակարանում և ծանոթանում Մոնիկայի մտերիմ ընկերների հետ, որոնց մեջ էին մտնում անխոստումնալից դերասան Ջոուի Տրիբիանին, վիճակագիր Չենդլեր Բինգը, մերսուհի և ինքնուս երաժիշտ Ֆիբի Բուֆեյը և բոլորվին վերջերս ամուսնալուծված հնէաբան Ռոս Գելերը, ով նաև Մոնիկայի ավագ եղբայրն էր։ Ընկերների հիմնական հավաքատեղիներն են մանհեթենյան Կենտրոնական սրճարանը (Central Perk), Մոնիկայի բնակարանը, կամ էլ վերջինիս հարևանությամբ գտնվող Ջոուիի և Չենդլերի բնակարանը։
Հեռուստաշոուի էպիզոդներում սովորաբար նկարագրվում են ընկերների կատակերգական ու ռոմանտիկական արկածները, ինչպես նաև խնդիրներն անձնական կարիերաներում, ինչպիսին են օրինակ Ջոուի դերասանական քասթինգները, Ռեյչելի աշխատանքային որոնումները նորաձևության արդյունաբերությունում և այլն։ Հեռուստասերիալի ընթացքում ընկերներից յուրաքանչյուրը ներգրավվում է լուրջ սիրավեպերի մեջ։ Առավել հաճախ հանդիպող սյուժետային գծերից է Ռեյչելի և Ռոսի ընդհատվող սիրավեպը։
Հեռուստասերիալում առավել հաճախ հանդիպող երկրորդական պլանի կերպարներից են Ռոսի և Մոնիկայի ծնողները Լոնգ Այլենդից՝ Ջեքը և Ջուդին, Ռոսի նախկին կին Քերոլը և նրանց որդի Բենը, Կենտրոնական սրճարանի բարմեն Գանթերը, Չենդլերի նախկին զուգընկերուհի Ջենիսը և Ֆիբիի երկվորյակ քույր Ուրսուլան։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալի գործողություններն ընթանում են 6 գլխավոր կերպարների շուրջ։
- Ռեյչել Գրին (դեր.՝ Ջենիֆեր Էնիսթոն), նորաձևության էնտուզիաստ, Մոնիկա Գելերի մանկության ընկերուհին։ Առաջին եթերաշրջանում սեփական հարսանիքից փախչելուց հետո Ռեյչելն հաստատվում է Մոնիկայի բնակարանում։ Եթերաշրջանների ընթացքում Ռեյչելը ժամանակ առ ժամանակ սիրային հարաբերությունների մեջ է գտնվում Մոնիկայի ավագ եղբոր՝ Ռոսի հետ։ Ռեյչելն առաջին անգամ աշխատանքի է անցնում որպես մատուցողուհի Կենտրոնական սրճարանում («Central Perk»), այնուհետև որպես վաճառքի խորհրդատու «Բլումինգդեյլ» ցանցում (3-րդ եթերաշրջան) և վաճառքի մասնագետ «Ռալֆ Լորեն» կորպորացիայում (5-րդ եթերաշրջան)։ Սերիալի վերջնամասում Ռեյչելը և Ռոսը դուստր են ունենում և վերջնականապես միանում։
- Մոնիկա Գելեր (դեր.՝ Քորթնի Քոքս), շեֆ-խոհարարուհի, Ռոս Գելերի կրտսեր քույրը։ Ունի պերֆեկցիոնիստական, մրցակցային և օբսեսիվ-կոմպուլսիվ բնավորություն։ Ընկերները և հատկապես նրա ավագ եղբայր Ռոսը հաճախ են կատակում այն մասին, որ Մոնիկան վաղ հասակում խիստ գեր էր։ Մոնիկայն առաջին անգամ լուրջ հարաբերության մեջ է մտնում իր ընտանիքի վաղեմի բարեկամ ակնաբույժ Ռիչարդ Բերքի հետ, ով նրանից մեծ էր քսանմեկ տարով։ Հարաբերությունն ի վերջո ընդհատվում է, երբ Ռիչարդը հրաժարվում է երեխաներ ունենալու գաղափարից։ Շուտով Մոնիկան և Չենդլերը սիրավեպ են սկսում, որն ավարտվում է ամուսնությամբ և երկվորյակ զավակների որդեգրմամբ։
- Ֆիբի Բուֆեյ (դեր.՝ Լիզա Կուդրոու), էքսցենտրիկ վարքագծով մերսուհի և ինքնուսույց երաժիշտ։ Ֆիբին մոր հետ բնակվում էր Նյու Յորքի վերին թաղամասերում, սակայն մոր կատարած ինքնասպանությունից հետո հայտնվել էր փողոցներում։ Պահվածքով փոքր-ինչ ցրված է, ունի քրեական անցյալ, շրջում է կիթառով, որով կատարում է տարօրինակ հեղինակային երգեր։ Ֆիբին ունի երկվորյակ քույր՝ Ուրսուլան, ով թեև արտաքնապես ոչնչով չի տարբերվում նրանից և նույնպես ցրված է, սակայն եսասեր է և անտարբեր։ Հաճախ կյանքում ունեցած դժբախտությունները, ինչպիսին էր մոր ինքնասպանությունը, Ֆիբին փորձում է օգտագործել որպես կարեկցանքի ծուղակ։ Հեռուստասերիալի ընթացքում Ֆիբին ունեցել է երեք լուրջ զուգընկեր՝ Գարին (5-րդ եթերաշրջան), Մայքլ Հենիգանը (9-րդ և 10-րդ եթերաշրջաններ) և Դեյվիդը (1-ին եթերաշրջան), ով ստիպված է լինում լքել նրան՝ Մինսկում կատարվելիք դրամաշնորային հետազոտություն անցկացնելու համար։ Երբեմն Դեյվիդն այցելում է Նյու Յորք և հանդիպում Ֆիբիին, սակայն ի վերջո Ֆիբին որոշում է ամուսնանալ Մայքլի հետ։
- Ջոուի Տրիբիանի (դեր.՝ Մեթ ԼեԲլանկ), դերասան, ով հայտնի է դառնում «Մեր կյանքի օրերը» օճառային օպերայում բժիշկ Դրեյք Ռամորեյին մարմնավորելուց հետո։ Ջոուիի կերպարը ներկայացվում է որպես պարզամիտ սրտակեր, ով նաև փոքր-ինչ որկրամոլ է։ Չնայած կնամոլությանը և խիստ կարճատև սիրավեպերին, Ջոուին բավականին բարի է և հոգատար։ Հայտնի է նաև իր այցեքարտային՝ «Ո՞նց ես» (How you doin'?) արտահայտությամբ, որն օգտագործում է հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը գրավելու համար։ Շուրջ չորս տարի Ջոուին բնակվում է լավագույն ընկեր Չենդլերի հետ, իսկ վերջինիս տեղափոխվելուց հետո՝ Ռեյչելի հետ։ Ութերորդ եթերաշրջանում Ջոուին սիրահարվում է Ռեյչելին, ով քաղաքավարի կերպով մերժում է նրան։ Տասներորդ եթերաշրջանում Ջոուին և Ռեյչելն ունենում են խիստ կարճատև սիրավեպ, սակայն գիտակցելով, որ չափազանց մոտ ընկերներ են, վերջ են դնում դրան։
- Չենդլեր Բինգ (դեր.՝ Մեթյու Փերի), երիտարդ, ով աշխատում է Նյու Յորքի խոշորագույն անդրազգային կորպորացիաներից մեկի վիճակագրական վերլուծության և տվյալների վերակոնֆիգուրացիայի բաժնում։ Իններորդ եթերաշրջանում Չենդլերը թողնում է աշխատանքը և գործի անցնում գովազդային գործակալությունում՝ որպես քոփիռայթեր։ Ունի բավականին ոչ ավանդական ընտանիք՝ բաղկացած էրոտիկ գրքերի հեղինակ մորից, և միասեռական հորից, ով իր հերթին Լաս Վեգասում հայտնի է որպես բուռլեսկային աստղ։ Չենդլերը հայտնի է հեգնական հումորով և անհաջող սիրավեպերով։ Յոթերորդ եթերաշրջանում Չենդլերն ամուսնանում է Մոնիկայի հետ, իսկ տասներորդ եթերաշրջանում ամուսինները երկվորյակ զավակների են որդեգրում։
- Ռոս Գելեր (դեր.՝ Դեյվիդ Շվիմմեր), հնէաբան, Մոնիկա Գելերի ավագ եղբայրը։ Աշխատում է Նյու Յորքի բնագիտական թանգարանում, այնուհետև հնէաբանություն դասավանդում Նյու Յորքի համալսարանում։ Ռոսը չափազանց բարի և ուսյալ տղամարդ է, ունի հումորի զգացում, չնայած հաճախ հայտնվում է անտանելի և անհարմար իրավիճակներում։ ժամանակ առ ժամանակ սիրային հարաբերությունների մեջ է գտնվում Ռեյչելի հետ։ Հեռուստասերիալի ընթացքում Ռոսն ամուսնալուծվում է երեք անգամ։ Ռեկորդային ամուսնալուծությունները հաճախ են ծաղրի ենթարկվում ընկերների կողմից։ Առաջին կնոջից Ռոսն ունի որդի՝ Բեն անունով, իսկ 8-րդ եթերաշրջանում Ռոսը և Ռեյչելը ուենում են դուստր Էմմա անունով։ Ի վերջո զույգը միավորվում է վերջին էպիզոդում։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եթերաշրջանի ընթացքում հեռուստաշոուի դերասանները յուրաքանչյուր էպիզոդի դիմաց ստանում էին 22 500 ԱՄՆ դոլար[10]։ Երկրորդ եթերաշրջանում դերասաններից յուրաքանչյուրի աշխատավարձը տարբեր էր՝ 20 000-ից մինչև 40 000 դոլար էպիզոդի դիմաց։ Երրորդ եթերաշրջանի վարձավճարային քննարկումներում դերասանները ցանկություն հայտնեցին ներկայանալ կոլեկտիվ հայտով, չնայած «Warner Bros.» ստուդիան ցանկանում էր անհատական եղանակով համաձայնության գալ դերասաններց յուրաքանչյուրի հետ[11]։ Հաջորդ՝ երրորդ եթերաշրջանում դերասաններն էպիզոդի դիմաց ստանում էին $75 000, չորրորդում՝ $85,000, հինգերորդում՝ $100 000, վեցերորդում՝ $125,000, յոթերորդում և ութերորդ՝ $750 000, իսկ արդեն իներորդ և տասներորդ եթերաշրջաններում յուրաքանչյուրի հոնորարը մեկ էպիզոդի դիմաց կազմում էր 1 միլիոն ԱՄՆ դոլար՝ այդ կերպ դարձնելով Ջենիֆեր Էնիսթոնին, Քորթնի Քոքսին և Լիզա Կուդրոույին հեռուստատեսության բոլոր ժամանակների ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները[12][13]։ Բանակցություններից հետո, 2000 թվականից սկսած դերասանները ստանում են նաև հավելյալ վճարներ լիցենզավորված վերացուցադրումներից[14]։
Հեռուստասերիալի համահեղինակ Դեյվիդ Քրեյնը ցանկանում էր, որ ցուցադրության ընթացքում գլխավոր դերասաններից ոչ ոք ետին պլան չմղվեր[15][16]։ Դերասանները փորձում էին միշտ հավատարիմ մնալ սերիալի անսամբլային ձևաչափին՝ երբեք գերակա դիրք չգրավելով միմյանց հանդեպ։ Մրցանակաբաշխություններին դերասանները մասնակցում էին միասին, վարձավճարների բանակցություններին ներկայանում կոլեկտիվ պահանջով և միշտ միասին փորձում մասնակցել լուսանկարահանումներին։ Դերասանները մտերիմ ընկերներ են դառնում նաև նկարահանումներից դուրս։ Հյուր դերասաններից Թոմ Սելեքը մի առիթով նշում էր, որ իրեն խիստ մեկուսացված էր զգում նրանց փակ շրջապատում[17]։
Դերասանների ջերմ ընկերությունը շարունակվեց սերիալի ավարտից հետո։ Լույս տեսած «Ընկերներ մինչև վերջ» պաշտոնական հուշագրքում դերասաններից յուրաքանչյուրը հարցազրույցում նշում էր, որ կոլեգաներին վերաբերվում էր ընտանիքի անդամի պես[18]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1-ին եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եթերաշրջանում հեռուստադիտողին են ներկայացվում գլխավոր հերոսները՝ Մոնիկան, Ռեյչելը, Ֆիբին, Ջոուին, Չենդլերը և Ռոսը։ Սեփական հարսանյաց հանդեսից փախչելուց հետո Ռեյչելը Կենտրոնական սրճարանում հանդիպում է դպրոցական ընկերուհի Մոնիկային և հաստատվում վերջինիս բնակարանում։ Մոնիկայի եղբայր Ռոսը, դպրոցական առաջին օրվանից սիրահարված էր Ռեյչելին, անընդհատ փորձում է հարմար ժամանակ գտնել նրան իր զգացմունքների մասին հայտնելու համար, սակայն ամեն անգամ խոչընդոտի առերեսվում, մասնավորապես՝ տեղեկանում է, որ նախկինը կինն իրենից երեխայի է սպասում։ Ջոուին ներկայացվում է որպես բարետես սրտակեր, սակայն խիստ անհեռանկարային դերասան։ Ֆիբին աշխատում է որպես մերսուհի և ունի «խենթ» բնավորություն, որը ենթադրաբար ձեռք է բերել Նյու Յորքի փողոցներում՝ մոր ինքնասպանությունից հետո։ Չնայած խենթ պահվածքին, ընկերներն անվերապահորեն սիրում են Ֆիբիին։ Տվյալ ժամանակահատվածում Չենդլերը խզում է հարաբերություններն ընկերուհի Ջենիսի (Մեգի Ուիլեր) հետ, ով հետագա եթերաշրջաններում հաճախ է վերադառնում ընկերների կյանք։ Եթերաշրջանի վերջնամասում Չենդլերն պատահաբար բացահայտնում է Ռեյչելի հանդեպ Ռոսի տածած զգացմունքների մասին։ Այդ մասին տեղեկանալով՝ Ռեյչելը գիտակցում է, որ նույնպես անտարբեր չէ Ռոսի հանդեպ։ Եթերաշրջանն ավարտվում է այն հատվածում, երբ Ռեյչելն օդանավակայանում սպասում է Ռոսի՝ չինաստանյան գործուղումից վերադառնալուն։
2-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ եթերաշրջանի սկզբնամասում Ռեյչելն օդանավակայանում սպասում է Ռոսի ժամանմանը, որպեսզի հայտնի իր զգացմունքների մասին։ Ռոսը, սակայն, օդանավակայան է վերադառնում նոր զուգընկերուհու՝ Ջուլիի (Լորեն Թոմ)։ Ի վերջո, Ռոսը բաժանվում է Ջուլիից և սկսում հանդիպել Ռեյչելի հետ։ Ջոուին դեր է ստանում «Մեր կյանքի օրերը» ռեյտինգային հեռուստանովելում, սակայն սցենարիստական անձնակազմի հետ ունեցած անախորժությունների պատճառով նրա կերպարը սպանվում է։ Չենդլերը կրկին հանդիպում է նախկին ընկերուհի Ջենիսի հետ։ Մոնիկան սկսում է հանդիպել Ռիչարդի (Թոմ Սելեք) հետ, ով բոլորովին վերջերս ամուսնալուծված ակնաբույժ էր, Գելերների ընտանեկան ընկերներից էր և Մոնիկայից մեծ էր 21 տարով։ Եթերաշրջանի վերջնամասում զույգը բաժանվում է, քանի որ ի տարբերություն Մոնիկայի, Ռիչարդը չէր ցանկանում երեխաներ ունենալ։
3-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ եթերաշրջանում Ռեյչելը գործի է անցնում «Բլումինգդեյլս» կորպորացիայում։ Ռոսը խանդով է լցվում Ռեյչելի հանդեպ՝ տեղեկանալով նրա և աշխատակից Մարկի ընկերական մտերմության մասին։ Ռեյչելը որոշում է ընդմիջվել իր և Ռոսի հարաբերությունից, իսկ վերջինս վիրավորված և հարբած քնում է մեկ այլ կնոջ հետ։ Ի վերջո այդ մասին իմանալուց հետո Ռեյչելը բաժանվում է Ռոսից։ Ռեյչելի և Ռոսի բաժանումը Չենդլերին հիշեցնում է իր ծնողների ամուսնալուծությունը։ Ֆիբին սկզբնապես ենթադրում էր, որ երկրագնդի վրա ունեցած միակ հարազատը երկվորյակ քույր Ուրսուլան է (Լիզա Կուդրոու), սակայն շուտով ծանոթանում է արյունակից եղբոր (Ջովանի Ռիբիզի) և կենսաբանական մոր (Թերի Գար)։ Ջոուին սկսում է հանդիպել խաղընկերուհի Քեյթի հետ, իսկ Մոնիկան՝ միլիոնատեր գործարար Փիթ Բեքերի (Ջոն Ֆավրո), սակայն շուտով անհամաձայնությունների պատճառով զույգը բաժանվում է։
4-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթերաշրջանի սկզբնամասում Ռոսը և Ռեյչելը կարճ ժամանակով կրկին միավորվում են։ Ջոուին սկսում է հանդիպել Քեթիի (Փեյջեթ Բրուստեր) հետ, ում շուտով գաղտնիորեն սկսում է համակրել Չենդլերը։ Շուտով Քեթին ու Չենդլերը համբուրվում են, իսկ այդ մասին տեղեկանալուց հետո Ջոուին վիրավորվում է։ Ընկերոջ ներմանն արաժանանալու համար Չենդլերը նրա պատվերով մեկ օր անցկացնում է արկղի մեջ։ Ֆիբին որոշում է խորթ եղբոր և նրա կնոջ համար սուրոգատ (փոխարինող) մայր դառնալ։ Գրազը պարտվելուց հետո Մոնիկան ու Ռեյչելը ստիպված են լինում իրենց բնակարանը զիջել Ջոուիին և Չենդլերին։ Այնուամենայնիվ ընկերուհիներին հաջողվում է ետ ստանալ իրենց բնակարանը՝ Ջոուիին և Չենդլերին կաշառելով «Նյու Յորք Նիքսի»՝ կանոնավոր առաջնության հանդիպումներից մեկի տոմսերով։ Ռոսն սկսում է հանդիպել անգլուհի արիստոկրատ Էմիլի Ուոլթհեմի (Հելեն Բաքսենդեյլ) հետ։ Եթերաշրջանի վերջնամասում Ռոսը և Էմիլին պատրաստվում են ամուսնանալ Լոնդոնում։ Չենդլերը և Մոնիկան քնում են իրար հետ։ Ռեյչելը որոշում է մասնակցել Ռոսի և Էմիլիի արարողությանը։ Հավատարմության երդման ժամանակ Ռոսը պատահաբար Ռեյչելի անունն է արտաբերում, ինչը ցնցում է հարսնացուին և բոլոր հյուրերին։
5-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգերորդ եթերաշրջանում Չենդլերն ու Մոնիկան ամեն կերպ փորձում են իրենց հարաբերությունները գաղտնի պահել ընկերներից։ Հեռուստաշոուի 100-րդ էպիզոդում Ֆիբին լույս աշխարհ է բերում եռյակների։ Էմիլին Ռոսին հայտնում է, որ կպահպանի իրենց ամուսնությունը միմայն այն ժամանակ, երբ Ռոսն ամբողջապես հարաբերությունները խզի Ռեյչելի հետ։ Ռոսը համաձայնում է, սակայն բոլոր վեց ընկերների մասնակցությամբ ընթրիքի ժամանակ Էմիլին զանգահարում է նրան, և պարզելով որ Ռեյչելը նույն սենյակում է, հասկանում է, որ չի կարող վստահել նրան, ուստի Ռոսի երկրորդ ամուսնությունը նույնպես ձախողվում է։ Ֆիբին սկսում է հանդիպել ոստիկանության սպա Գարիի հետ (Մայքլ Ռապապորտ)։ Մոնիկան և Չենդլերն ի վերջո որոշում են հանրությանը հայտնել իրենց սիրավեպի մասին, և, զարմանս նրանց, ընկերները շատ ջերմ են ընդունում այդ փաստը։ Լաս Վեգաս կատարած ուղևորության ժամանակ նրանք որոշում են անմիջապես օրինականացնել հարաբերությունները, սակայն, տեսնելով լասվեգասյան մատուռից դուրս եկած և արդեն նորապսակներ հայտարարված Ռեյչելին և Ռոսին, հետ են կանգնում որոշումից։
6-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեցերորդ եթերաշրջանի սկզբնամասում պարզվում է, որ Ռոսի ու Ռեյչելի ամուսնությունը կատարվել էր երկուսի կողմից ալկոհոլի չարաշարման հետևանքով։ Ձախողված նորապսակները փորձում են ամեն կերպ չեղյալ հայտարարել ամուսնությունը, քանի որ Ռոսը չէր ցանկանում իր հաշվին արդեն երեք ձախողված ամուսնություն ունենալ։ Այնուամենայնիվ, փաստաթուղթը չեղյալ հայտարարել չի ստացվում, և Ռոսը պարզապես որոշում է այդ մասին չհայտնել Ռեյչելին։ Ինչևէ Ռոսի և Ռեյչելի ամուսնալուծությունը պատշոնապես իրականացվում է մի քանի էպիզոդ անց։ Չենդլերը տեղափոխվում է Մոնիկայի բնակարան, իսկ Ռեյչելն սկսում է ապրել Ֆիբիի հետ։ Ջոուին դեր է ստանում «Մակ և Չ. Ի. Ս.» կոչվող կաբելային հեռուստասերիալում, որտեղ նրա կերպարը հանդես պետք է գար ռոբոտի հետ։ Ռոսը դասախոսական աշխատանքի է անցնում Նյու Յորքի համալսարանում, և շուտով սկսում հանդիպել իր ուսանողուհի Էլիզաբեթի (Ալեքսանդրա Հոլդեն) հետ։ Հարաբերությունը կարճ ժամանակ անց ընդհատվում է՝ ակնհայտ տարիքային տարբերության պատճառով։ Ֆիբիի և Ռեյչելի բնակարանում հրդեհ է բռնկվում, ինչի պատճառով Ռեյչելը ժամանակավորապես տեսափոխվում է Ջոուիի բնակարան, իսկ Ֆիբին՝ Մոնիկայի և Չենդլերի։ Չենդլերն ամուսնության առաջարկություն է անում Մոնիկային, ով դրական պատասխան է տալիս։
7-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթերորդ եթերաշրջանում Չենդլերն ու Մոնիկան սկսում են պլանավորել իրենց հարսանիքը։ Այնուամենայնիվ զույգը պարզում է, որ հարսանիքի համար բավականաչափ գումար չկա, սակայն Չենդլերը որոշում է հանուն ապագա կնոջ երջանկության զոհել գաղտնիորեն հավաքած գումարները։ Ջոուիի «Մակ և Չ. Ի. Ս.» հեռուստասերիալը դադարում է հեռարձակվելուց, սակայն փոխարենը նա ետ է ստանում իր դերը «Մեր կյանքի օրերը» օճառային օպերայում։ Ֆիբիի բնակարանը վերակառուցվում է, սակայն նախկին երկու սենյակի փոխարեն, ունենում ընդամենը մեկ մեծ սենյակ, ինչի հետևանքով Ռեյչելը տեղափոխվում է Ջոուիի բնակարան։ Եթերաշրջանն ավարտվում է Չենդլերի ու Մոնիկայի հարսանիքի միջնամասում, երբ Ֆիբին և Ռեյչելը լոգարանում պատահաբար հղիության դրական թեսթ են հայտնաբերում։
8-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ութերորդ եթերաշրջանում պարզ է դառնում, որ Մոնիկայի հարսանիքի ժամանակ գտնված դրական թեսթը պատկանում էր Ռեյչելին։ Իրադարձություններն սկսում են ծավալվել Ռեյչելի հղիության շուրջ։ Շուտով հայտնի է դառնում, որ Ռոսն է երեխայի հայրը։ Ռոսը և Ռեյչելը որոշում են ունենալ երեխային, սակայն առանց երբեմնի հարաբերությունները վերականգնելու։ Ջոուին զարմանալիորեն սիրահարվում է Ռեյչելին, սակայն գաղտնի է պահում զգացմունքները։ Եթերաշրջանի վերջնամասում Ռեյչելը լույս աշխարհ է բերում փոքրիկ Էմմային։ Հիվանդանոցի սպասասրահում Ռոսի մայրը որդուն է տալիս նշանադրության մատանի, որպեսզի վերջինս ամուսնության առաջարկություն անի Ռեյչելին։ Ռոսը թեև նման մտադրվածություն չի ցուցաբերում, այնուամենայնիվ մատանին գցում է ժակետի գրպանի գրպանի մեջ։ Որոշ ժամանակ անց, հետծննդային սենյակում գտնվող էմոցիոնալ Ռեյչելի մոտ այցելության է գալիս Ջոուին։ Ջոն արտասվող Ռեյչելի համար փորձում է անձեռոցիկ գտնել։ Պատահաբար Ռոսի ժակետը բարձրացնելուց, մատանին վայր է ընկնում։ Ջոուին ծնկի իջած վիճակում բարձրացնում է մատանին և այն ձեռքին թեքվում դեպի Ռեյչելը։ Վերջինս կարծում է, թե Ջոուին ամուսնության առաջարկ է անում, և առանց երկար մտածելու անմտաբար դրական պատասխան հնչեցնում։
9-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Իներորդ եթերաշրջանի սկզբնամասում ցույց է տրվում, թե ինչպես են Ռոսն ու Ռեյչելն ապրում որպես սենայակակիցներ և խնամում փոքրիկ Էմմային։ Մոնիկան և Չենդլերը տքնաջանորեն փորձում են երեխա ունենալ, սակայն շուտով պարզում են, որ երկուսի մոտ էլ անպտղություն կա։ Ֆիբին սկսում է հանդիպել Մայք Հենիգանի (Փոլ Ռադ) հետ՝ վերջնականապես հրաժարվելով Մինսկից վերադարձած նախկին զուգընկերոջ՝ Դեյվիդի (Հենք Ազարիա) հետ հարաբերությունները վերահաստատելուց։ Եթերաշրջանի միջնամասում Ռեյչելն ու Էմման տեղափոխվում են Ջոուիի մոտ։ Մինչ ընկերները փորձում են Ռոսին ու Ռեյչելին վերամիավորել, Ռեյչելը համակրանք է ձեռք բերում Ջոուիի հանդեպ։ Եթերաշրջանի վերջնամասում ընկերներն ուղևորվում են Բարբադոս՝ մասնակցելու հնէաբանության թեմայով միջազգային սեմինարի, որտեղ Ռոսը ելույթ պետք է ունենար։ Ջոուին բաժանվում է իր ընկերուհի Չառլիից (Աիշա Թայլեր), ով կարճ ժամանակ անց սիրավեպ է սկսում Ռոսի հետ։ Ջոուին ու Ռեյչելն սկսում են փոխադարձորեն համակրել միմյանց, և եթերաշրջանն ավարտվում է երկուսի համբույրով։
10-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասներորդ եթերաշրջանում հանգուցալուծման են հասցվում մի քանի սյուժետային գծեր։ Չառլին հեռանում է Ռոսից և վերադառնում նախկին զուգընկերոջ մոտ։ Ջոուին և Ռեյչելն ի վերջո հասկանում են, որ չափազանց մոտ ընկերներ են, և որոշում են վերականգնել դա՝ վերջ դնելով կարճատև և սիրավեպին։ Եթերաշրջանի միջնամասում Ֆիբին ու Մայքլն ամուսնանում են։ Արարողությունը տեղի է ունենում փողոցում, Կենտրոնական սրճարանի դիմաց։ Մոնիկան և Չենդլերը որդեգրման հայտ են ներկայացնում։ Շուտով նրանց ընտրում է Էրիկա անունով (Աննա Ֆերիս) մի հղի կին։ Եթերաշրջանի վերջնամասում Էրիկան, ի զարմանս Մոնիկայի և Չենդլերի, երկվորյակների է ծնում։ Զույգը որոշում է փոքրիկներին անվանել Ջեք (ի պատիվ Մոնիկայի հոր) և Էրիկա (ի պատիվ Էրիկայի)։ Չենդլերն ու Մոնիկան պատրաստվում են հաստատվել արվարձաններում։ Ջոուին սկսում է վշտանալ իր կյանքում տեղի ունեցող փոփոխություններից։ Ռեյչելը հեռանում է աշխատանքից և նոր առաջարկ ստանում Փարիզում, սակայն Ռոսը, գիտակցելով որ սիրում է նրան, փորձում է ամեն կերպ ետ պահել մեկնելուց։ Ռեյչելը, հասկանալով որ նույնպես սիրում է Ռոսին, ետ է կանգնում Փարիզ տեղափոխվելու որոշումից։
Հեռուստասերիալն ավարտվում է Մոնիկայի դատարկված բնակարանում։ Ընկերները որոշում են վերջին անգամ սուրճ ըմպել իրենց սիրելի սիրճարանում։ Վերջին խոսքերը պատկանում են Չենդլերին, ով կատակում է իրեն յուրահատուկ ոճով։ Վերջին անգամ տեսախցիկները կենտրոնանում են սեղանի վրա դրված բանալիների վրա, այնուհետև՝ բնակարանի դռան, ինչից հետո էլ սիթքոմն ավարտվում է։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մտահղացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին «CBS»-կողմից «Ընտանեկան ալբոմ» հեղինակային սիթքոմի ցուցադրության դադարեցումից հետո, սցենարիստներ Դեյվիդ Քրեյնը և Մարտա Քոֆմանը ձեռնամուխ են լինում միանգամից երեք հեռուստատեսային պիլոտների ստեղծմանը, որոնք բոլորն էլ եթեր պետք է բարձրանային 1994-ին։ Քրեյնն ու Քոֆմանը «NBC» համազգային հեռուստացանցի ղեկավարությանը որոշում է ներկայացնել «Մանհեթենում բնակվող վեց երիտասարդների մասին» պատմող հեռուստասերիալի գաղափարը[19]։ Քրեյնն ու Քոֆմանը գաղափարը ներկայացնում են նաև իրենց պրոդյուսերական գործընկեր Քևին Բրայթին[20]։ Գաղափարը ներշնչված էր Քրեյնի և Քոֆմանի կյանքի այն ժամանակահատվածից, երբ համալսարանն ավարտելուց հետո միասին բնակվում էին Նյու Յորքում, և Քոֆմանի խոսքերով՝ ապագան նրանց համար «մի մեծ հարցական էր»։ Սցենարիստները ենթադրում են, որ գաղափարը բավականին հետաքրքիր կլինի, քանի որ բոլորն էլ ունեցել են նման ապրումներ։ Թիմը որոշում է հեռուստասերիալն անվանել «Անքնության սրճարան» (անգլ.՝ Insomnia Cafe), որից հետո 1993 թվականի դեկտեմբերին «NBC»-ի դատին է հանձնում հեռուստասերիալի 7-էջանոց սյուժեն[19][21]։
Միևնույն ժամանակ, «NBC Entertainment»-ի այն ժամանակվա նախագահ Ուորեն Լիթլֆիլդը մի այնպիսի կատակերգություն էր ուզում, որը կպատմեր միասին բնակվող երիտասարդների մասին։ Լիթլֆիլդը ցանկանում էր, որ ներկայացվող խումբը բաղկացած լիներ անբաժան ընկերներից, որվքեր միմյանց ընտանիքի անդամների պես կվերաբերվեին։ Այնուամենայնիվ, Լիթլֆիլդը դժվարություններ էր գտնում գաղափարը կյանքի կոչելու հարցում, ինչպես նաև խիստ բացասական գնահատականներ տալիս «NBC»-ի կողմից մշակված սյուժեներին։ Լիթլֆիլդը բավականին տպավորվում է Քոֆմանի, Քրեյնի և Բրայթի «Անքնության սրճարանով»։ «NBC»-ն պիլոտի տեսքով ձեռք է բերում գաղափարը, ինչը ենթադրում էր, որ եթե պիլոտը չնկարահանվեր, ապա կազմակերպությունը լուրջ ֆինանսական տույժեր պետք է վճարեր[22]։ Քոֆմանն ու Քրեյնը ձեռնամուխ են լինում պիլոտային էպիզոդի սցենարը ստեղծելուն։ Այս անգամ՝ «Մեզ նման ընկերներ» (անգլ.՝ Friends Like Us) անվանումն ստացած հեռուստասերիալի պիլոտային սերիայի սցենարը գրվում է երեք օրում։ Լիթլֆիլդը ցանկանում էր, որ սերիալը կենտրոնանար այսպես կոչված X սերնդի ներկայացուցիչների (վաղ 1960-ականներից մինչև վաղ 1980-ականները ծնված անձինք) միասնության և ընկերության վրա, սակայն սցենարիստների եռյակը չի համաձայնում այդ մտքի հետ։ Քրեյնը առարկում է տվյալ մտքի հետ՝ բացատրելով որ ցանկանում էր ստեղծել այնպիսի հեռուստանախագիծ, որը հաճույքով կդիտեին բոլորը։ «NBC»-ի ղեկավարությունն իր հավանությունն է տալիս պիլոտի սցենարին և պատվիրում հեռուստասերիալը զարգացնել «Վեցը մեկի պես» (Six of One) անվամբ՝ մրցակից «ABC» հեռուստաալիքով զուգահեռաբար հեռարձակվող «Այս իմ ընկերները» (These Friends of Mine, գլխավոր դերում՝ Էլեն Դեջեներես) սիթքոմի անվանը չնմանվելու համար[23]։
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ պարզ է դառնում, որ «NBC»-ն հավանություն է տվել հեռուստասերիալի ստեղծմանը, Լիթլֆիլդն սկսում է զանգեր ստանալ քաղաքի բոլոր դերասանական գործակալներից[24]։ Գլխավոր դերերի համար լսումները տեղի են ունենում Լոս Անջելեսում և Նյու Յորքում։ Մասնակցած 1000 դերասանից հաջորդ փուլ են անցնում 75-ը։ Երկրորդ փուլի լսումների ժամանակ արդեն ներկա էին Քրեյնը, Քոֆմանը և Բրայթը։ Մինչև 1994-ի ապրիլը, յուրաքանչյուր գլխավոր դերի համար մնացած թեկնածուների թիվը 3-4 էր։ Վերջին թեկնածուների լսումներին մասնակցում էր նաև «Ուորներ Բրադըրսի» հեռուստաստուդիայի այն ժամանակվա տնօրեն Լեսլի Մունվեզը[25]։
Դերասան Դեյվիդ Շվիմմերի հետ աշխատելունքային փորձ ունենալով՝ պրոդյուսերները Ռոսի կերպարն ստեղծելիս ի սկզբանե որպես մարմնավորող նրան էին նախատեսում, ուստի առաջին գլխավոր դերը բաժին է ընկնում Շվիմմերին[26]։ Պրոդյուսերները Քորթնի Քոքսին տեսնում էին Ռեյչելի դերում՝ որպես «զվարթ, լավատես ու էներգետիկ» անձնավորություն, սակայն ինքը՝ Քոքսը ցանկանում էր մարմնավորել Մոնիկային, քանի որ վերջինիս ուժեղ անհատականությունն առավել հոգեհարազատ էր թվում նրան[24]։ Քոֆմանը համաձայնում է Քոքսի հետ, և վերջինիս բաժին է ընկնում Մոնիկայի դերը։ Երբ Մեթ Լեբլանկը փորձարկվում էր Ջոուիի դերի համար, պրոդյուսերները որոշում են կերպարը փոքր-ինչ «շեղել» նրա ուղղությամբ։ Լեբլանկի մատուցմամբ, Ջոուիի կերպարը դառնում է ավելի կոմիկական բնույթի (չնայած սկզբնապես նման բան չէր նախատեսվել)։ Չնայած Քոֆմանն ու Քրեյնը չէին ցանկանում, որ Լեբլանկը մարմնավորի Ջոուիին, հեռուստացանցի ղեկավարությունը նրանց հրահանգում է ընտրել հենց նրան։ Ջենիֆեր Էնիսթոնը, Մեթյու Փերին և Լիզա Կուդրոուն ընտրվում են լսումների ժամանակ կատարած տարբեր մարմնավորումների հիման վրա[24]։
Քասթինգի ընթացքում փոփոխությունների են ենթարկվում նաև հեռուստանախագծի բազմաթիվ սյուժետային գծեր։ Սցենարիստները պարզում են, որ անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարել կերպարների բնավորությունների մեջ՝ մարմնավորող դերասանների անհատականնությունների հետ համապատասխանեցնելու համար։ Կերպարային բացահայտումները շարունակվում են առաջին եթերաշրջանի հեռարձակման ողջ ընթացքում[24]։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]«NBC»-ի կողմից «Ֆրենդսի» հավանության արժանանալուց հետո Քրեյն-Քոֆման-Բրայթ պրոդյուսերական եռյակն սկսում է ուսումնասիրել ուղարկված սցենարները, որոնք իրականում նախատեսված էին եղել այլ սերիալների (մասնավորապես՝ «Սայնֆիլդ» սիթքոմի չնկարահանված էպիզոդների) համար։ Քոֆմանն ու Քրեյնն աշխատանքի են հրավիրում յոթ երիտասարդ սցենարիստների, քանի որ գտնում էին, որ անձամբ չէին կարող որակյալ սցենարիստական աշխատանք կատարել քառասունն անց լինելու և երբեմնի երիտասարդական ոգուց զրկված լինելու պատճառով։
Պրոդյուսերների համոզմամբ, կերպարները պետք է հավասարազոր նշանակություն ունենային հեռուստասերիալում, քանի որ դա նախագծին հազարավոր սյուժետային գծեր կապահովեր։ Սյուժետային գծերի մեծ մասի գաղափարները պատկանում էր սցենարիստներին, չնայած երբեմն դրանցում իրենց ներդրումներն էին ունենում նաև դերասանները։ Ռոսի և Ռեյչելի հնարավոր սիրավեպի գաղափարը ծագում է Քոֆմանի և Քրեյնի մոտ՝ պիլոտային էպիզոդի սցենարը գրելիս։
Պիլոտային էպիզոդի նկարահանման ժամանակ «NBC»-ն պահանջում է որպեսզի սցենարային փոփոխությունների արդյունքում լիներ մեկ գլխավոր, և մի քանի եկրորդական սյուժետային գծեր, սակայն պրոդյուսերները չեն համաձայնում՝ գերադասելով բոլոր գծերը պահելով հավասար հարթությունների վրա։ «NBC»-ի ղեկավարությունը նաև գտնում էր, որ դերասանական կազմը չափազանց երիտասարդ է, և հեռուստասերիալին առնվազն մեկ միջին տարիքի կերպար էր անհրաժեշտ, որը երիտասարդներին խորհուրդներ կտար։ Ի վերջո «NBC»-ն հրաժարվում է ավագ կերպարի գաղափարից։
Ամեն ամառ պրոդյուսերները դուրս էին բերում սյեժետային այն գծերը, որոնք պետք է օգտագործվեին գալիք եթերաշրջանում։ Մինչև էպիզոդի բեմադրումը, Քոֆմանն ու Քրեյնն ուսումնասիրում էին սցենարային այն հատվածները, որոնք գրվել էին այլ սցենարիստների կողմից։ Դա կատարվում էր այն պատճառով, որպեսզի հնարավորինս վերացվեին կերպարներին ոչ բնորոշ գրվածքները։ Ջոուիի և Ռեյչելի անհաջող սիրավեպի գաղափարը ծագել էր 8-րդ եթերաշրջանի միջնամասում։ Գաղափարն առաջ էր քաշել ստեղծագործական թիմի անդամներից մեկը, քանի որ սերալի ստեղծողները չէին ցանկանում, որ Ռոսն ու Ռեյչելը այդքան շուտ վերամիավորվեին։ Սյուժետային տվյալ գիծը մտցվում է սերիալի մեջ, սակայն դերասանները մտահոգվում էին, որ դրա պատճառով նրանց կերտած կերպարները հանդիսատեսի շրջանում խիստ բացասական ընդունելության կարժանանան, ուստի սցենարիստները որոշում են դեռևս այդ քայլին չգնալ։ Այնուամենայնիվ, գաղափարը իրականացվում է եթերաշրջանի ավարտին։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ընկերների» առաջին եթերաշրջանի նկարահանման աշխատանքները կատարվել են Բըրբենկ քաղաքի (Կալիֆորնիա նահանգ) «Stage 5» ստուդիայում։ Սկզբնահոլովակը նկարահանվել է «Warner Bros.-ին» պատկանող ռանչոյի շատրվանի մոտ, ժամը առավոտյան 4:00-ին՝ խիստ ցուրտ պայմաններում։ Սկսյալ երկրորդ եթերաշրջանից, նկարահանումները տեղափոխվում են առավել ընդարձակ ստուդիա՝ «Stage 24», որը հեռուստասերիալի ավարտից հետո վերանվանվում է «The Friends Stage»-ի։
Հեռուստասերիալի նկարահանումներն սկսվեցին 1994 թվականի ամռանը՝ կենդանի լսարանի դիմաց։ Հանդիսատեսներին տրվել էին ամփոփ բուկլետներ, որպեսզի վերջիններս ծանոթանային գլխավոր վեց կերպարների հետ։ Ընդմիջումների ժամանակ վարձակալված կատակերգու զվարճացնում էր հանդիսատեսներին։ Յուրաքանչյուր 22-րոպեանոց էպիզոդի նկարահանման համար պահանջվում էր 6 ժամ։
Բուն նկարահանումները երբեք տեղի չեն ունեցել Նյու Յորքում։ Երբ որոշ մասնագետներ քննադատում էին այն փաստը, թե ինչպես էին ընկերները, լինելով ոչ կայուն ֆինանսական դրության մեջ, կարողանում այդքան մեծ բնակարաններ վարձել, Բրայթը նշում էր, որ ստուդիայում պատրաստված տվյալ բնակարանները մեծ էին, որպեսզի բավականաչափ տեղ լիներ տեսախցիկների, լուսավորության համար, ինչպես նաև դահլիճում հավաքված հանդիսատեսը կարողանար տեսնել ներկայացումը։
Վերջին սերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին սերիայի սցենարի նախնական տարբերակը ստեղծագործական թիմն ավարտին հասցրեց 2004 թվականի հունվարին՝ եթեր բարձրանալուց ուղիղ չորս ամիս առաջ։ Էպիզոդի կմախքը պատկերացնելու համար, Քրեյնը, Քոֆմանն ու Բրայթն սկսեցին դիտել մի շարք հին ու նոր սիթքոմների վերջին էպիզոդները՝ փորձելով հասկանալ դրանց ստացված և անհաջող կտորները։ Պրոդյուսերական եռյակը մեծ դժվարությամբ էր կարողանում սերալի համար պատշաճ հանգուցալուծում մտածել, նույնիսկ օրերով չկարողանալով որևէ միտք գրի առնել։ Միևնույն ժամանակ նրանք չէին ցանկանում դուրս գալ հեռուստասերիալի ձևաչափից։ Էպիզոդի ամենակրիտիկական հատվածները նկարահանվում էին առանց հանդիսատեսի և հնարավորինս քիչ անձնակազմի ներկայությամբ։ Գլխավոր դերակատարները կասկած չունեին, որ հեռուստադիտողներին նույնպես դուր կգա հեռուստասերիալի հանգուցալուծումը։
Վերջին էպիզոդը լայնորեն գովազդվում էր «NBC»-ի եթերում, ինչպես նաև մեծ անդրադարձ ունենում զանգվածային լրատվամիջոցների շրջանում[27]։
Քննադատների շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ ցուցադրումների ժամանակ հեռուստասերիալն արժանանում էր «միջին» գնահատականների։ Բազմաթիվ քննադատների մոտ կարծիք էր ձևավորվել, թե հեռուստասերիալը փորձում է նմանակել «Սայնֆիլդ» սիթքոմին։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
Ջենիֆեր Էնիսթոն | Ռեյչել Գրին |
Քորթնի Քոքս | Մոնիկա Գելեր |
Լիզա Կուդրոու | Ֆիբի Բուֆեյ |
Մեթ ԼեԲլանկ | Ջոուի Տրիբիանի |
Մեթյու Փերի | Չենդլեր Բինգ |
Դեյվիդ Շվիմմեր | Ռոս Գելեր |
Երկրորդական
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար | Նկարագիր |
Ջեյմս Մայքլ Թայլեր | Գանթեր | Կենտրոնական սրճարանի բարմեն |
Էլիոթ Գուլդ | Ջեք Գելեր | Ռոսի և Մոնիկայի հայրը |
Քրիստինա Փիքլս | Ջուդի Գելեր | Ռոսի և Մոնիկայի մայրը |
Մեգգի Ուիլեր | Ջենիս Լիթման-Գորալնիկ | Չենդլերի նախկին ընկերուհին |
Փոլ Ռադ | Մայք Հենիգան | Ֆիբիի փեսացուն |
Անիտա Բարոն Ջեյնս Սիբեթ |
Քերոլ Ուիլիք | Ռոսի նախկին կինը |
Հելեն Բաքսենդեյլ | Էմիլի Ուոլթհեմ | Ռոսի նախկին կինը |
Ջեսիկա Հեքթ | Սյուզան Բանչ | Քերոլի կինը |
Թոմ Սելեք | Դոկտոր Ռիչարդ Բերք | Գելերների ընտանիքի բարեկամ, Մոնիկայի նախկին ընկերը |
Ջուն Գեյբլ | Էստել Լեոնարդ | Ջոուիի գործակալուհին |
Ջովանի Ռիբիզի | Ֆրենկ Բուֆեյ կրտսեր | Ֆիբիի արյունակից եղբայրը |
Աիշա Թայլեր | Չարլի Ուիլեր | Ջոուիի, այնուհետև՝ Ռոսի նախկին ընկերուհին |
Լիզա Կուդրոու | Ուրսուլա Բուֆեյ | Ֆիբիի երկվորյակ քույրը |
Քոուլ Սպրոուս | Բեն Գելեր | Ռոսի որդին |
Բոնի Սոմերբիլ | Մոնա | Ռոսի նախկին ընկերուհին |
Մորգան Ֆեյրչայլդ | Նորա Թայլեր Բինգ | Չենդլերի մայրը |
Հենք Ազարիա | Դեյվիդ | Ատոմային ֆիզիկոս, Ֆիբիի նախկին ընկերը |
Լարի Հենքին | Պարոն Հեքլս | Հարևան |
Թեյթ Դոնովան | Ջոշուա Բարջին | Ռեյչելի նախին ընկերը |
Աննա Ֆերիս | Էրիկա | Չենդլերի և Մոնիկայի որդեգրած զավակների կենսաբանական մայրը |
Քեթլին Թըրներ | Չարլզ Բինգ | Չենդլերի հայրը |
Ռիզ Ուիզերսփուն | Ջիլ Գրին | Ռեյչելի քույրը |
Քրիստինա Էփլգեյթ | Էմի Գրին | Ռեյչելի քույրը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ ««Friends»-ի մրցանակների ցանկ». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Մեթ Լոուեր (2004 թ․ մայիսի 5). ««Ընկերների» ստեղծողները կիսվում է սկզբնական ստեղծագործական շրջանի մասին». NBSnews.com. Վերցված է 2004 թ․ մայիսի 5-ին.(անգլ.)
- ↑ Զաք Սիմայեր (2014 թ․ մարտի 31). «10 ամենադիտված հեռուստաէպիզոդները». Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.(անգլ.)
- ↑ Սթեյսի Կոնրադտ (2015 թ․ փետրվարի 28). «Բոլոր ժամանակների 10 ամենադիտված հեռուստաֆինալները». Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.(անգլ.)
- ↑ Նատալի Քեյլին (2015 թ․ ապրիլի 29). «Բոլոր ժամանակների 10 ամենադիտված հեռուստաֆինալները». HuffingtonPost.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.(անգլ.)
- ↑ ««Ընկերների» հեռուստաֆինալը տասնամյակի ամենադիտված էպիզոդն է». «Chicago Tribune». 2009 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Տասնամյակի ամենադիտված էպիզոդն է ... «Ընկերների» հեռուստաֆինալը». Daily News. Նյու Յորք. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Մրցանակների և առաջադրումների ցանկը IMDb.com կայքում(անգլ.)
- ↑ Լոուրի Բրայան (1996 թ․ օգոստոսի 12). ««Ընկերների» դերասանական կազմի պայմանագրերը». Լոս Անջելես Թայմս. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.(անգլ.)
- ↑ Ռայս, Լինեթ (2000 թ․ ապրիլի 21). «Ընկերական կրակ». «Էնթերթյնմենթ ուիքլի». էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 19-ին.(անգլ.)
- ↑ Գինեսի ռեկորդների գիրք 2005։ 50-րդ տարելիցին նվիրված թողարկում. Գինես. էջ 288. ISBN 1-892051-22-2.(անգլ.)
- ↑ Սաահ, Նադիա (2004 թ․ հունվարի 21). ««Ընկերներ» մինչև վերջ». USA Today.(անգլ.)
- ↑ «Ինչ է մեզ սովերոցնում «Ընկերներ» սերիալը դիվերսիֆիկացման մասին» Արխիվացված 2016-01-30 Wayback Machine(անգլ.)
- ↑ Ջիչա, Թոմ (2004 թ․ մայիսի 2). «Հեռանում են այնպես, ինչպես սկսել էին՝ աղմուկով». Բալթիմոր սան. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին.(անգլ.)
- ↑ Հավասարակշռելով ընկերներին և ընտանիքը Արխիվացված 2012-05-26 archive.today(անգլ.)
- ↑ Փաուեր, Էդ (2004 թ․ մայիսի 6). «Ինչու ենք կարոտելու մեր բացակա «Ընկերներին»». «Irish Independent».(անգլ.)
- ↑ Ուայլ, Դեյվիդ (2004). Ընկերներ մինչև վերջ։ Բոլոր տասը տարիների պաշտոնական տոնում. «Time Warner». ISBN 1-932273-19-0.(անգլ.)
- ↑ 19,0 19,1 Kolbert, Elizabeth (March 8, 1994). Մի հեռուստաշոուի ստեղծման պատմություն. Նյու Յորք Թայմս, վերցված է՝ հունվարի 19, 2008։(անգլ.)
- ↑ «Կուլիսների ետևում». TV2. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.(անգլ.)
- ↑ Լոուեր, Մեթ (2004 թ․ մայիսի 5). ««Ընկերների» ստեղծողները պատմում են սկզբնական շրջանի մասին». MSNBC. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.(անգլ.)
- ↑ Ստալինգս, Փենի (2000). «Ընկերների» ձեռնարկ. Լոնդոն: Channel 4 Books. էջեր 102–103. ISBN 0-7522-7231-4.(անգլ.)
- ↑ Կոլբեր, Էլիզաբեթ (1994 թ․ մայիսի 9). «Սիթքոմի հայեցակարգը և մատուցումը։ Բոլորը քննադատներ են». New York Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.(անգլ.)
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 Ջիչա, Թոմ (2004 թ․ մայիսի 2). «Ավարտեցին այնպես, ինչպես և սկսեցին՝ մեծ աղմուկով». «Բալթիմոր սան». էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.(անգլ.)
- ↑ Kolbert, Elizabeth (April 6, 1994). "«Բացարձակ կատարյալ դերասանի որոնումներով։ Քասթինգի խիստ սթրեսային բիզնեսը», Նյու Յորք Թայմս(անգլ.)
- ↑ Քուրիք, Քեյթի (2004 թ․ մայիսի 5). «Արդյոք կարո՞ղ է Դեյվիդ Շվիմմերը Ռոս Գելերին թողնել ետևում». «MSNBC». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.(անգլ.)
- ↑ Շեյլս, Թոմ (2004 թ․ մայիսի 7). «Մեծ հրաժեշտ ընկերներին և միգուցե սիթքոմին». Վաշինգտոն փոստ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (օրիգինալ) (անգլ.)
- Պաշտոնական կայք (անգլ.)
- Էջը TV.com կայքում Արխիվացված 2012-02-01 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընկերներ (հեռուստասերիալ)» հոդվածին։ |
|